Դանակահարություն Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում. կան վիրավորներ
Դանակահարություն Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում. կան վիրավորներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած վերք, աջից ազդրի հետին մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջային պատի կտրած վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի, որտեղ առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձիք տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմոնքի պետ Արթուր Ֆիշյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արմավիրի մարզի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Հովսեփյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Խորեն Վարդանյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ Աբովյանի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Խ. Վարդանյանի և Ս. Հովսեփյանի հետ Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում վիճաբանել, ապա դանակահարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Հովհաննես Մարտիրոսյանը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Մարտիրոսյանին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։