Ճամբարակի ճանապարհին` ՊՆ համարանիշներով Uaz Patriot-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն, վերջինս տեղում մահացել է
Ճամբարակի ճանապարհին` ՊՆ համարանիշներով Uaz Patriot-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն, վերջինս տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։
Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 5-րդ կայազորի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Մխիթարյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Ս. Մխիթարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։