Շինությունը կարող է վնաս ներկայացնել մարդկանց համար․ քաղաքապետի խոսնակը՝ աղմկահարույց ապամոնտաժման մասին
Շինությունը կարող է վնաս ներկայացնել մարդկանց համար․ քաղաքապետի խոսնակը՝ աղմկահարույց ապամոնտաժման մասին
News.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի գործողությունները կատարվել են օրինականության պահանջներին համապատասխան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ Կուրղինյան 3/15 հասցեում տեղի ունեցած ապամոնտաժման աշխատանքներին։
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուն ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում։ Տեսանյութում երեւում է, որ բռնությանը ականատես են նաեւ քաղաքացու երեխաները։ Դեպքից հետո 5-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Այսօր էլ Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է, որ այդ տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Ոստիկանությունում դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Մամուլի խոսնակը նշեց, որ ինքնակամ շինության վերաբերյալ նախկինում եղել է վարչական ակտ, իսկ երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդ շինությունն ապամոնտաժելու որոշում է կայացրել, որը դատարանում վիճարկվող ակտի հետ կապ չունի.
«Քաղաքացու շահերի պաշտպանը միգուցե փորձելով արդարացնել իր վստահորդի գործողությունները՝ հայտնել է հանրությանը տեղեկություններ, որոնք կոնֆլիկտի մեջ են գտնվում իրականության հետ. այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը, կամ աղավաղված ձեւով են ներկայացվում»։
Ըստ Կարապետյանի՝ քաղաքապետի որոշման մեջ ամբողջությամբ հիմնավորվում է այդ շինության ապամոնտաժման անհրաժեշտությունը. «Այդտեղ կահավորված չէ կառուցապատման շինհրապարակը, սեյսմիկ անվտանգության նորմերին համապատասխանության փաստաթղթեր առկա չեն, այսինքն՝ այդ շինությունը կարող է վնաս ներկայացնել մարդկանց համար։ Այդ տարածքն օգտագործվել է պահեստամասերի վաճառքի համար։ Այն բնակելի տարածք չէ, բնակարան չէ դրա վերաբերյալ կան հստակ ապացույցներ»։
Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ապամոնտաժման ընթացքում քաղաքացին դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ. «Ես ոստիկանության գործողությունների իրավաչափությանը չեմ կարող գնահատական տալ։
Քաղաքացին այդ դեպքի ժամանակ ագրեսիվ հակահասարակական վարքագիծ է դրսեւորել, հայհոյանքներ է հնչեցրել, անվայել, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Ոստիկանության եւ Երեւանի քաղաքային իշխանության հասցեին, հրաժարվել է ենթարկվել նրանց օրինական պահանջներին, կոտրել է ինչ-որ ապակիներ»։