Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին․ նա փաստաթղթերը չի ներկայացրել
Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին․ նա փաստաթղթերը չի ներկայացրել
Armtimes.com-ը գրում է․ Երեկ ավարտվեց ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը:
Երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ցուցակը, ըստ որի՝ սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր էին ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։
Նկատենք, սակայն, որ հրապարակված ցուցակում բացակայում էր երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցությունը, այնինչ լրագրողները արձանագրել էին, որ Մհերը ներկայացել էր ԿԸՀ:
Ճշտելու համար, թե ինչ խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով «Ազգի ձայնը» կուսակցության անունը չկար ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կողքին, «Հայկական ժամանակը» փորձեց կապ հաստատել երգչի հետ, սակայն որևէ կերպ դա մեզ չհաջողվեց: Նրա հեռախոսահամարը երեկվանից անջատված է:
Հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ներկայացված ցուցակում չի նշվում որևէ կուսակցություն, նշանակում է այդ կուսակցությունը կամ դաշինքը չի ներկայացրել փաստաթղթեր: «Մեզ հայտնի չեն պատճառները, թե ինչու որևէ կուսակցություն կամ դաշինք չի ներկայացրել փաստաթղթեր»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը երեկ ներկայացել է ԿԸՀ, Հերմինե Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե ներկայացել է, բայց փաստաթղթեր չի ներկայացրել հանձնաժողովին, որպեսզի գրանցվի՝ որպես ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություն:
Չկա որևէ կուսակցություն կամ դաշինք, որ ներկայացնի փաստաթղթեր, և այդ փաստաթղթերը չընդունվեն»,- նշեց մամուլի խոսնակը: