Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, վարորդի ինքնազգացողությունը նրան օգնություն ցուցաբերելիս վատացել է
Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, վարորդի ինքնազգացողությունը նրան օգնություն ցուցաբերելիս վատացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Lexus RX 330 մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Դալլաքյանի ու Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Գ. Դալլաքյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Մինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա՝ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։