44-օրյա պատերազմի մասնակցի մորը տուգանել են տրանսպորտում․ քաղաքապետարանը պարզաբանում է
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը գրում է.
«44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։
Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։
Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։
Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:
Տուգանքը մարված է:
Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև՝ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ 44 օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա Էրիկ Գասպարյանի մայրիկին Երևանի հասարարական տրանսպորտում 15.000 դրամով տուգանելու մասին արձանագրություն է կազմվել։


