Մամուլ

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն. Կարեն Անդրեասյան

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն. Կարեն Անդրեասյան

Բանակում պաշտոնավարող 19 գեներալ և մոտ այդքան էլ գնդապետ տարածեցին ակնհայտ քաղաքական հայտարարություն: Դա Սահմանադրության կոնկրետ հոդվածի (հոդված 14) խախտում էր, հետևաբար դա օրինական չէր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

«Նրանք և էլի շուրջ 10.000 մարդ, որոնք ակտիվորեն մասնակցում են հակաիշխանական ցույցերի (ընտրողների մոտ 0.5 տոկոսը), վստահեցնում են, որ երկրի ներկայիս իշխանությունը վտանգ է Հայաստանի գոյության համար, և միակ փրկությունը Փաշինյանի հեռացումն է ամեն գնով, նույնիսկ բանակի քաղաքական ակտիվացմամբ: Իրենց միանշանակ ճիշտ համարող այս հարգարժան քաղաքացիները թույլ են տալիս բացարձակ վտանգավոր մի մեծ սխալ: Այն է՝ նպատակին հասնել նույնիսկ անօրինական ճանապարհով, ինչը որևէ երկրում երկարատև հաջողության չի բերել:

Հայաստանի բնակչության 0.5 տոկոսը, ինչպես նաև հարգարժան որոշ գեներալներ, հոգևորականներ, փաստաբաններ, լրագրողներ և այլք փորձում են իրենց օրակարգն ու փրկության իրենց միակ ճիշտը փաթաթել մեկ տարվա անտանելի փորձություններից դառնացած, նյարդայնացած, խոր ցավի ու հիասթափության մեջ հայտնված մի քանի միլիոնանոց հայության վզին՝ այդպես էլ չներկայացնելով որևէ տնտեսական, միջազգային կամ այլ խնդրի ոչ մի իրատեսական լուծում (իհարկե, Փաշինյանի հրաժարականից բացի):

Կարեն Անդրեասյան

Ընդ որում, նրանք թերևս մոռացել են, որ երկրի կործանման սարսափով ու ոսկե սարերի խոստումով ընդդիմություններ Հայաստանը տեսել է 30 տարի շարունակ:

Սահմանադրությունը ստորադասելու նույն այս տրամաբանությամբ նվազագույնը 10.000 ուրիշ մարդ (ընտրողների էլի մոտ 0.5 տոկոսը) վստահ է, որ Հայաստանի բոլոր պրոբլեմների պատճառը նախկին իշխանավորներն են, ովքեր թալանել են ժողովրդին: Կոռուպցիայի դեմ օրինական պայքարը նրանք անվանում են «թավիշ» և միակ ճիշտ քայլը համարում են բոլոր նախկիններին անհապաղ բանտ նետելն ու բոլորի դղյակները խլելը:

Երկու այս իրարամերժ խմբերն էլ դեմ չեն Սահմանադրության փոքրիկ ու մեծ խախտումներին՝ իրենց հայրենանվեր նպատակին հասնելու համար: Սակայն երբ որոշում ես տապալել սահմանադրական կարգը սեփական ճիշտն առաջ տանելու կամ իբր երկիրը փրկելու համար, կորցնում ես թե՛ օրինականությունը, թե՛ երկիրը և թե՛ այն ճիշտը, որի համար պայքարում էիր»:

Հիշեցնենք, որ երեկ ԳՇ-ն՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:

Կիսվել նյութով