Աշխարհ

19-ամյա վրացուհին, թեև կորցրել է աչքը, չի զղջում, որ այդ օրը հայտնվել էր խորհրդարանի մոտ. Տեսանյութ

«Ազատությունը» գրում է․ 19-ամյա վրացուհին ՝ Մակա Գոմուրիին, երեք ամիս է մղձավանջի պես նույն պատկերն է հետապնդում՝ թբիլիսյան ցույցը, որի ընթացքում ռետինե փամփուշտի հարվածից աչքը կորցրեց:

«Դա ասես դրոշմված է ուղեղումս, ամեն ինչ հիշում եմ՝ ծուխը, մութը, հատուկ ջոկատայինները, նրանց վահանները, մարդկանց բղավոցն ու ճիչը: Օրեր շարունակ աչքիս առաջ այդ տեսարաններն էին ու մղձավանջի պես հետապնդում էին ինձ», – պատմում է նա:

Գոմուրին վնասվածքներ էր ստացել հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում, երբ իրավապահները բռնի ուժով ցրել էին հակակառավարական բողոքի ցույցը: Ոստիկանները գործի էին դրել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, 240 մարդ վնասվածքներ էր ստացել, այդ թվում՝ Մական:

«Երբ գնդակը դիպավ աչքիս, ես տեղում հասկացա, որ այլևս կորցրել եմ այն: Հետո նաև քույրս ասաց, որ աչքս չկա, բայց ես արդեն գիտեի, թեև… դեռ որոշ հույսեր փայփայում էի», – ասում է Մակա Գոմուրին:

Օրեր անց արդեն վիրավոր աղջիկը դարձավ թբիլիսյան ցույցերի խորհրդանիշներից մեկը: Շաբաթներ շարունակ հարյուրավոր մարդիկ, ի նշան համերաշխության, փողոց էին դուրս գալիս մի աչքը փակած: Անգամ կարգախոսներ կային՝ «Խոստանում ենք հասնել արդարության», «Շնորհակալություն, Մակա, որ մեր աչքերը բացեցիր»:

«Երբեմն ինձ թվում է, թե բոլոր իշխող էլիտաները փորձում են վախ սերմանել հասարակության մեջ: Չգիտեմ՝ ինչու են այդ քայլին գնում: Հատկապես չեմ հասկանում, երբ քո՛ երկիրը, քո՛ պետությունն է քեզ հետ այդպես վարվում», – շեշտում է 19-ամյա վրացուհին:

Մական երկու վիրահատություն է տարել, մեկը՝ Վրաստանում, մյուսը՝ Գերմանիայում, բուժման համար վճարել է իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի «Քարտու» հիմնադրամը: Աղջիկը, սակայն, ոչ միայն առողջության փոխհատուցում, այլև արդարություն է պահանջում: «Ուզում եմ իմանալ՝ ով կրակեց ինձ վրա», – «Ազատության» վրացական ծառայությանն ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվեք էջում