ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով զբաղեցնում է ՔՊ ցուցակի 50-րդ համարը, հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։
Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։
Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։
Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։
Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»։



