Մամուլ

Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին ՄԻ պաշտպանը նշել է լրագրողների հետ զրույցում:

«Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել եմ առանձնազրույց, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը: Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ են նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում»,-ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող դրանք բարձրաձայնել, որովհետեւ քննարկման ընթացակարգ է գնում եւ ես պարտականություն ունեմ նաեւ երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ Քննարկման, կապի մեջ ենք նաեւ փաստաբանների հետ»։

Թաթոյանն ընդգծեց, որ իր համար որեւէ նշանակություն չունի այն հանցանքը, որի մեջ մարդը մեղադրվում է կամ այն հասարակական ընկալումները, որ կան այդ մարդու հետ կապված։

«Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Ես ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին այդ առումով դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա միշտ է եղել այդպես եւ այդպես են արել մարդու իրավունքների բոլոր պաշտպանները», – ասաց Արման Թաթոյանը։

Պաշտպանն ասաց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված։

Կիսվել էջում