Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել այն. ովքե՞ր կարող են օգտվել հնարավորությունից
2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված այն անձինք, որոնց զրկման ժամկետն ավարտվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, հուլիսի 6-ից սկսած մեկ տարվա ընթացքում հնարավորություն ունեն վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց կրկին քննություններ հանձնելու։ Գրում է
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հերթագրվեն Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում՝ առանց քննությունների» բաժինը, այնուհետև ընտրեն իրենց նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանումը, ներկայացման օրն ու ժամը։
Սահմանված օրը քաղաքացիները պետք է ներկայանան ընտրված ստորաբաժանում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վարելու իրավունքը վերականգնելու համար սահմանված պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, որը պետք է վճարվի 900005003810 հաշվեհամարին։ Միաժամանակ, այդ գումարը հնարավոր է վճարել նաև հաշվառման-քննական ստորաբաժանումներում առկա վճարային տերմինալների միջոցով։
ArmLur.am-ը տեղեկացնում է, որ վարելու իրավունքը վերականգնած քաղաքացիները կստանան մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Եթե վարորդական վկայականի գործողության ժամկետն արդեն լրացել է, քաղաքացիները, բացի 50 հազար դրամ պետական տուրքից, պետք է վճարեն նաև նոր վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքը։ Պլաստիկ քարտի տեսքով վարորդական վկայականի արժեքը կազմում է 12 հազար դրամ, իսկ թվային վարորդական վկայականինը՝ 6 հազար դրամ։
Իսկ այն անձինք, որոնց վարորդական վկայականները դեռևս գործող են, լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն չեն ունենա և համապատասխան ստորաբաժանումից պարզապես կստանան իրենց նախկին վարորդական վկայականը։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի տվյալներով՝ օրենքի այս կարգավորումը վերաբերում է շուրջ 18 հազար վարորդական իրավունքից զրկված անձանց։


