Մամուլ

Վազեցինք նկուղ, բայց արդեն ուշ էր, Արեգը չէր շնչում

Վազեցինք նկուղ, բայց արդեն ուշ էր, Արեգը չէր շնչում

ArmLur.am-ը գրում է․ 2022թ. դեկտեմբերի 12-ին Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ մնաց շուրջ 9 ամիս։ Այդ 9 ամիսների ընթացքում շրջափակման մասին խոսվեց ու կոչեր հնչեցվեց տարբեր ամբիոններից, որոնք այդպես էլ անարդյունք մնացին։

Շրջափակումը գնալով ավելի երկարեց ու բարդացավ՝ ի վերջո ավարտվելով 2023թ. սեպտեմբերի 19-ին սկիզբ առած պատերազմով ու Արցախի հայաթափումով։

Սեպտեմբերի 19-ին սկիզբ առած պատերազմը մարեց հարյուրավոր արցախցիների տան ճրագը։ Այն զոհեց ոչ միայն պատերազմին անմիջապես մասնակիցներին, այլեւ տան մի փոքրիկ անկյունում պատսպարված անմեղ երեխաների կյանքերը։

Փոքրիկ Արեգը տան նկուղային հարկի կողքի սենյակում, տատիկին գրկած, խաղաղ քնած էր, երբ հրթիռակոծվեց Հոռաթաղը։ Արեգի խնդրանքը կատարվեց. այդ օրը պատերազմն ավարտվեց, բայց միայն Արեգի համար։

Արեգի քույրը՝ Անժելա Շահանցը պատմում է, որ երբ սկսվեց պատերազմը Արեգը վազել է մոտակա եկեղեցի, համբուրել եկեղեցու խաչքարը եւ խնդրել, որ պատերազմը շուտ ավարտվի։

«Արեգը սովորություն ուներ շուտ քնելու, եկեղեցուց գալիս է եւ խնդրում մայրիկին, որ գնա նկուղի կողքի սենյակ, որպեսզի քնի։ Գնաց, պառկեց ու քնեց, տատիկն էլ մենակ չթողելու համա, նրա կողքին պառկեց։ Երբ հրթիռակոծվեց գյուղը, արկն ընկավ ուղիղ մեր տան վրա … վազեցինք նկուղ, բայց արդեն ուշ էր… չէր շնչում ոչ՛ Արեգը, ո՛չ էլ տատիկը…»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Անժելա Շահանցը։

Անժելայի խոսքով՝ եղբորը հուղարկավորել են հարազատ գյուղում։ Հայրն է հուղարկավորել իր 9-ամյա որդուն…

areg

«Մինչեւ վերջին պահը հույս ունեինք, որ կկարողանանք Արեգիս մարմինը մեզ հետ տեղափոխել Ստեփանակերտ։ Դեռ մտածում էինք, որ գոնե Ստեփանակերտը չեն հանձնի, բայց չթույլատրեցին։

Անորոշություն էր… հետո ասացին, որ Ստեփանակերտն էլ պիտի դատարկվի, մտածեցինք գնալ ու Արեգի մարմինը բերենք ու մեզ հետ տանենք, բայց ցավոք Սսեփանակերտ-Մարտակերտ դրախտային ճանապարհը փակ էր՝ վերածված դժոխքային մի տեսարանի…»,- հիշում է Անժելան։

Կիսվել էջում