ՄամուլՏեսանյութ

Սարսափելի ավտովթար «Արմենիա» ՀԸ-ի դիմաց. երեխային դուրս են հանել գլխիվայր շրջված մեքենայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:10-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Nissan» մակնիշի և 41-ամյա Հայկ Ս.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության 21-րդ խումբը վարորդներից Վլադիմիր Ա.-ին նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր նաև ավտոմեքենայից դուրս են բերել մի երեխայի, սակայն ծնողները հրաժարվել են երեխային տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհին նախկինում տեղադրվել էին արհեստական անհարթություններ, սակայն հետո Երևանի քաղաքապետարանն այն ապամոնտաժել էր՝ խոստանալով, որ տեղադրվելու է հետիոտների համար հատուկ լուսակիր, քանի որ այդ հատվածում շատ հաճախ են տեղի ունեցել և մինչև այժմ տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, վրաերթեր, ցավոք, մահվան ելքով, իսկ պատասխանատուները կարծես թե դիտմամբ այդ արհեստական անհարթությունները ապամոնտաժեցին և իրենց խոստացված լուսակիրները չտեղադրեցին, երևի թե նրանց «սրտով» է, որ տեղի են ունենում նման դեպքեր։ Թե որ մարմինն է ի վերջո այս մահվան անունը ստացած հատվածում խոստացված լուսակիրների տեղադրումն իրականացնելու, մնացել է այդ պաշտոնյաների տված դատարկ խոստումների նման օդից կախված։
Տեսանյութը՝ համացանցից

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութը՝ համացանցից ներկայացնում ենք ստորև․

Կիսվեք ձեր էջում