Աշխարհ

Ռուսաստանցիները բանկոմատներից հարյուր միլիարդավոր ռուբլիներ են հանել

Ռուսաստանցիները բանկոմատներից հարյուր միլիարդավոր ռուբլիներ են հանել

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մեկնարկից հետո կանխիկի պահանջարկը կտրուկ աճել է՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը քաղաքացիները բանկոմատներից 754,1 մլրդ ռուբլի են հանել։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Կենտրոնական բանկի տվյալներին։

Մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկրորդ օրը ռուսաստանցիները 132,1 մլրդ ռուբլի են հանել։ Ամենամեծ պահանջարկը գրանցվել է սեպտեմբերի 30-ին, երբ ռուսաստանցիները բանկերից 144,8 մլրդ ռուբլի են հանել։ Անցած շաբաթվա վերջին պահանջարկը սկսել է կայունանալ՝ նվազելով մինչեւ 14,4-35,5 մլրդ ռուբլի։

Մինչեւ սեպտեմբերի 22-ը Ռուսաստանի Բանկը գրանցել է 8,1-ից մինչեւ 40,8 մլրդ ռուբլու արտահոսք։

rubl

Սեպտեմբերի 21-ից ռուսաստանցիների հանած միջոցների ծավալը, պարզվել է, գրեթե չորս անգամ քիչ է եղել, քան փետրվարի վերջին – մարտի սկզբին, երբ հանվել է մոտ 2,9 տրլն ռուբլի։ Պահանջարկը նվազել է մարտի 5-ից հետո։

Փորձագետները կարծում են, որ փետրվար-մարտ ամիսներին ռուսաստանցիները սկսել են ակտիվորեն կանխիկ միջոցներ հանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքների ֆոնին, դեր են խաղացել նաեւ անորոշությունը, ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը եւ աճող ինֆլյացիան:

Միաժամանակ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կանխիկ միջոցներ են պետք եղել նրանց, ովքեր մեկնել են երկրից՝ խուսափելով մոբիլիզացիայից, պարզաբանել է «Эксперт РА» գործակալության գլխավոր տնտեսագետ Անտոն Տաբախը։ Հրատարակությունը նշել է, որ հետագայում պահանջարկի վրա կազդի խոստացված եկամտաբերության գործոնը։

Share