Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է
Այս ամառվա ամենաքննարկված թեմաներից մեկը, և կարելի է ասել՝ ամռան հերոսներից մեկը, ջրասուզակ Վահե Մելքոնյանն է։
Նա օրեր շարունակ տարբեր գետերում, ինչպես նաև Սևանա լճում, կատարում է բարդ ու վտանգավոր աշխատանք՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Ցավոք, նրա աշխատանքի ընթացքում հաճախ է լինում նաև անշնչացած մարմիններ ջրից դուրս բերելու ծանր պարտականությունը։
Վահե Մելքոնյանի անձնվեր աշխատանքի մասին խոսելիս հաճախ բարձրաձայնվել է նաև նրա ստացած աշխատավարձի և կատարած աշխատանքի միջև անհամաչափության մասին։ Թեման լայն քննարկումների արժանացավ, իսկ ՆԳ նախարարի հասցեին հնչեցին բազմաթիվ քննադատություններ՝ կապված փրկարարների աշխատանքի գնահատման և վարձատրության հետ։
Թերևս այս ակտիվ քննարկումները և բարձրացված հարցերը տվել են իրենց արդյունքը․ նախարարի որոշմամբ ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է։
Այս մասին գրում ենք՝ ակնկալելով, որ Վահե Մելքոնյանի օրինակով ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաև մյուս փրկարարները և առհասարակ այն մարդիկ, որոնք ամեն օր իրենց կյանքն ու առողջությունը վտանգում են հանուն ուրիշների կյանքի, հանուն երկրի ու պետության։
Նրանց կատարած աշխատանքը ոչ միայն շնորհակալության, այլև արժանի գնահատանքի ու համապատասխան վարձատրության պետք է արժանանա։


