Մամուլ

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետ (Տեսանյութ)

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական սպորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի մեծարգո նախագահ

Բոլոր ժամանակների մեծարգո օլիմպիական չեմպիոններ,

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր

Ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար:

Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն:

Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:

Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է:

Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության:

Վարչապետը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:

Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։

Կառավարության ղեկավարի կողմից սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել են նաև մի խումբ մարզիչներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով