Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ կռունկը պոկվել է, կա 2 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում կառուցվող շենքի շինհրապարակում վերամբարձ կռունկի մի հատված, որով ցեխ են տեղափոխում, պոկվել և ընկել է աշխատակիցների վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Տեղում հայտնաբերվել է մահացած 1 հոգի, 2 հոգի էլ, որոնց քաղաքացիներն ու փրկարարները պատգարակներով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին, տեղափոխել են հիվանդանոց։
Ճանապարհին նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Իրավիճակը տեղում բավականին լարված էր, քանի որ մահացածների և վիրավորի հարազատներն են ժամանել, սակայն իրավապահներին հաջողվում է իրավիճակը պահել իրենց հսկողության տակ։Հաշվի առնելով դեպքը ժամանել է նաև Եղվարդի դատախազ Վարդան Արսենյանը։
Շենքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, նախկինում եղել է Նոր Հաճնի պոլիկլինիկան ու կառավարության ֆինանսավորմամբ այն հիմնանորոգվում էր, կարելի է ասել զրոյից կառուցվում էր շենքԴեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը։





