Մամուլ

«Մի բան էլ ասեմ, գնամ գաղտնալսվեմ, գամ»․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․

Նկատում եմ, որ շատերն են զայրանում պարոնայք Շարմազանովի, Աշոտյանի եւ տիկին Արփինե Հովհաննիսյանի ելույթներից եւ գնահատականներից: Շատերը սկսում են վիրավորել, հայհոյել, ֆիզիկական հատկանիշները ծաղրել:

Անցած կամ անցնող կոնցլագերի ֆոնին իսպառ հասկանալի է այդ զայրույթը: Մարդիկ չեն մոռանում այն ցինիզմն ու լպիրշությունը, որով այդ մարդիկ, իրենց կուսակցությունն ու իրենց Սերժիկը ծաղրում էին մեր բանականությունն ու երկիրը:

Բայց հարկավոր է առաջ անցնել, մի քանի նկատառում արժեքավոր եմ համարում հաղորդել ձեզ:

Պոպուլյար գաղափարները պաշտպանելու կարիք չկա: Դրանք պաշտպանված են պոպուլյար լինելով:

Ընդդեմ կոնցլագերի եւ հանուն առաջընթացի հարկավոր է պաշտպանել բազմակարծությունը: Իսկ բազմակարծությունը (կամ բազմազանությունը արտահայտման տիրույթում) պաշտպանելը բարդ եւ տանջալի բան է: Դրանից տանջվում են նախ բռնապետները եւ, իհարկե, կոնցլագերի զոհերը, ինչպիսին նաեւ մենք ենք, շատերը մեզնից, նաեւ ես եմ, իհարկե: Դժվար է հանգիստ լսել մեծամասնության կարծիքին տրամագծորեն հակադրվող կարծիքը, մանավանդ, երբ այդ կարծիքն արտահայտում է մեզ տարիներով ծաղրած մարդը: Սա գերազանցված մարդասիրություն կամ անհարկի հանդուրժողականություն չհամարեք: Սա ծանր բեռ է, աշխատելիք ունենք:

Մանավանդ, մի գաղտնիք կա այդ բազմակարծության պաշտպանության մեջ, ում կարծիքն էլ լինի, ինչպիսին էլ լինի այդ կարծիքը, ինչ հաճախությամբ էլ արտահայտվի: Գաղտնիքը հետեւյալն է. երբ կսովորենք մեծուփոքրով, տեղացիով եւ սփյուռքով, հներով եւ նորերով հանգիստ առանց ջղաձգության լսել եւ ի գիտություն ընդունել բացարձակ անընդունելի կարծիք, երբ կկարողանանք վիրավորանքով չարձագանքել այդպիսի կարծիքին, ուրեմն մենք հաղթել ենք: Հաղթել ասելիս, ի նկատի ունեմ, որ քանդել ենք մեր ներսի կոնցլագերը, կոնցլագերի ժառանգությունը:

Ավելին ասեմ, այս վարդապետության տեսանկյունից, մենք, հանուն առաջընթացի եւ մեր բոլորի ազատությունների, անգամ եթե չլինեն Աշոտյանի, Շարմազանովի եւ Հովհաննիսյանի պես արտահայտվողներ, պիտի մի ճար անեինք, որ այդպիսի մարդիկ առաջանային, որոնք խոսեին այդպես պիտի լիներ, որ հասկանայինք՝ մենք քանդե՞լ ենք կոնցլագերը, թե՞ ընդամենը այն հարմարեցրել ենք մեզ: Առաջին տարբերակը փրկության շանս է, երկրորդը՝ ռիսկ է, որ մի օր էլ մեր դեմ հեղափոխություն կանեն:

Չարժե թերագնահատել խոսքի ազդեցության ռիսկը անշուշտ, բայց որպես Ցեղասպանություն, Մարտի 1, ընտրակեղծարարություն, պատերազմներ եւ բազմաթիվ այլ զրկանքներ ու արհավիրքներ տեսած ժողովուրդ, խնդրում եմ ձեզ տեսած պահեք, մի գերագնահատեք այդօրինակ մարդկանց բստրուքները, որ շաղ են տրվում վրեժի եւ իշխանազրկման զայրույթի խառնարանից: Կանցնի ժամանակ եւ դուք էլ կզարմանաք, թե ինչպես էիք շատ լուրջ վերաբերվում Սերժիկի հռետորներին …

Share