Մամուլ

«Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Մի քանի ոլորտների առնչությամբ ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնելու համար:

«Այսուհետ մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր քաղաքի բնակիչները ոչ միայն բավարարված, այլ նաև գոհ լինեն մեր աշխատանքից: Մենք նոր իշխանություններ ենք և մեզ վրա ենք վերցնում կառավարման պատասխանատվությունը, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում պատվով հանձնենք կառավարումը հաջորդ իշխանություններին: Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արմեն Զաքոյանին և աշխատակիցներին` վարչական շրջանում կատարած աշխատանքի համար:

Խոսելով հետագա անելիքների մասին` Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ցանկացած որոշում ու ծրագրի իրագործում պետք է լինի միայն օրենքի տառին համապատասխան:

«Եղել են որոշումներ, որոնք ուղղակի հակասել են հանրության պահանջներին: Մի քանիսին արտոնություն է տրվել, և ընդհանրապես հաշվի չեն առնվել այդ մարդկանց ցանկություններն ու իրավունքները: Ցավոք, մենք այդ ժառանգությունը ստացել ենք: Բայց այսուհետ ոչ միայն այդպես չի լինելու, այլև ցանկացած որոշում ընդունվելու է՝ հաշվի առնելով հանրային շահը: Մենք այսօր մեր քաղաքը վերականգնելու և վերակառուցելու բացառիկ հնարավորություն ունենք: Կանցնի 5, 10 կամ 15 տարի, երբ նոր սերունդը այդ ժամանակ գա, պետք է այնպես անենք, որ մեր մասին հպարտությամբ խոսի, ոչ թե փնովի: Մենք եթե որոշել ենք ծառայել մեր ժողովրդին, ուրեմն մեր անելիքը դա է»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մհրյանին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, և մաղթել ձեռքբերումներ աշխատանքում՝ ի նպաստ բնակիչների ու Նոր Նորք վարչական շրջանի զարգացման:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով