Մամուլ

«Մարտի 1-ի բացահայտումը իմ և յուրաքանչյուր քաղաքացու պատվի խնդիրն է». Փաշինյան

«Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է»,-այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ կառավարությունում կայացած հանդիպման ընթացքում: Նա հավելել է՝ որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանց ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման սկզբում ներկաներին վստահեցրել է, որ ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իր օրակարգում եղել է, ուղղակի  վարչապետը ցանկացել է հանդիպել այն պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կլինեն:

«Օգոստոսի 17-ի հանրահավաքում ես հայտարարեցի, որ, ըստ էության,  ընդհանուր առմամբ բացահայտված եմ համարում Մարտի 1-ի գործը. մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին և վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաև կոնկրետ սպանություններ իրականացնողներին և կոնկրետ հանգամանքներին»,- ասել է վարչապետը՝ պարզաբանելով, որ բնականաբար, ինքը նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չէ և կարող է հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը և այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են:

«Եվ կարծում եմ՝ այդ  հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք: Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել էջում