Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ․ ինչ է կատարվել
Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղացիները կայանված ավտոմեքենայի կապոտի տակ հսկա պիթոն են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Դեպքը տեղի է ունեցել Դահիսար-Վեսթ շրջանում։ Տեղի բնակելի համալիրի բնակիչները նկատել են, որ ավելի քան 2 մետր երկարությամբ մեծ օձը դանդաղորեն սողոսկում է կայանված մեքենայի տակ՝ շարժիչի հատված։
Տեսնելով կատարվածը՝ մարդիկ սկսել են հավաքվել մեքենայի շուրջը՝ հետևելու, թե ինչ է տեղի ունենալու։ Սակայն, մտավախություն ունենալով, որ պիթոնը կարող է դուրս գալ մեքենայից և հարձակվել մարդկանց վրա, նրանք դիմել են վայրի կենդանիներով զբաղվող մասնագետների օգնությանը։
Ժամանած փրկարարները բացել են մեքենայի կապոտը և հայտնաբերել, որ պիթոնը կծկված վիճակում «պառկած» է շարժիչի կողքին։ Մասնագետները զգուշությամբ դուրս են բերել կենդանուն և տեղավորել հատուկ պարկի մեջ՝ հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով։
Կենդանուն բաց թողնելուց առաջ մասնագետները զննել են այն՝ համոզվելու համար, որ պիթոնը այրվածքներ կամ այլ վնասվածքներ չունի։


