Ժամանց

«Հումորից զուրկ մարդը վտանգավոր է հասարակության համար»․ Արմեն Արաբյան

«Հումորից զուրկ մարդը վտանգավոր է հասարակության համար»։ Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն է այս անգամ անկեղծացել Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո: «Իմ մանկության հուշերից ամենատպավորիչը իմ առաջին հյուրախաղն էր 8 տարեկանում, որ կայացավ Ալավերդիում:

Այն հյուրանոցում, որ ապրում էինք, առաջին անգամ իմ կյանքում վերելակ տեսա: 7 հարկանի հյուրանոց էր: Սովորում էի Տիգրան Չուխաջյանի անվան դպրոցի առաջին դասարանում, ջութակահար էի…Հիշում եմ, թե ինչպես ոտքով Սանահին բարձրացանք, տեղեկացա, որ վանքի շաղախի մեջ ձվի դեղնուց կա»,- հիշեց Արմեն Արաբյանը: 

Իսկ ամենակարեւոր խորհուրդը ծնողներից` երբեք պարտք չունենալն է որեւէ մեկին. «Հենց գալիս էր դեկտեմբերի 31-ը, հայրս զգուշացնում էր` հո ինչ-որ մեկին պա՞րտք չունե՞ք, հանկարծ տարին պարտքով չմտնենք»: 

Ինչ վերաբերում է երեխաների դաստիարակությանը, մեր զրուցակիցը նշում է, որ կարեւորն այն է, որ քո օրինակով դաստիարակես երեխաներիդ. «Ամեն դեպքում ամեն երեխա անհատ է, իմ երեխաներն էլ են տարբեր: Չնայած սնահավատ չեմ, բայց մտածում եմ, որ հորոսկոպները համընկնում են: Բայց նաեւ ամեն դեպքում կարծում եմ, որ իմ ապրած կյանքը մեծ ազդեցություն է թողել իմ երեխաների վրա, ես չեմ նստել ու հատուկ սովորեցրել, թե ինչպես ապրեն»: Արմեն Արաբյանն ասում է, որ ոգեւորվելու առիթները շատ են իր կյանքում, եթե ոգեւորությունը չլինի, կյանքն անիմաստ կլինի, իսկ հիասթափվում է ապերախտ վերաբերմունքից, մեծ ցավ է ապրում: 

«Միայն հումորով մարդկանց եմ լավ վերաբերվում եւ միշտ մտածում եմ, որ հումորից զուրկ մարդը ոչ միայն անհետաքրքիր է, այլեւ վտանգավոր հասարակության համար: Հումորը նաեւ կյանքն է թեթեւացնում»,-ընդգծում է նա ու վկայակոչում գյումրեցիներին, որ անգամ երկրաշարժից հետո հումորի զգացողությունը չեն կորցրել: Ընկերությունից էլ խոսեցինք: Մեր զրուցակիցն ասում է, որ անցած կյանքի հետագիծը դիտարկելիս ես տեսնում, թե ով է ի վերջո քեզ ընկեր մնացել:

Նաեւ շեշտում է. «Անսխալական մարդ գոյություն չունի, իսկ ընկերներին պետք է լինել նվիրված եւ սիրել նրանց` բոլոր դրական եւ բացասական գծերով հանդերձ»: Թանկ նվերը պայմանավորում է նվիրողի անձով եւ իրավիճակով, ասում է` այն նյութականի հետ աղերս ունենալ չի կարող. «Կարող է մի թաշկինակ ստանամ ու երջանկանամ, դա կախված է նրանից, թե նվիրողը քեզ ինչքան սիրելի մարդ է եւ ինչ տրամադրությամբ է նվիրում… Նվերը չեմ կարող նյութական արժեքի վերածել, ամենաթանկը վերաբերմունքն է»:

Արմեն Արաբյանը սիրելի կոմպոզիտորներ շատ ունի, ասում է` դա նույնն բանն է, որ համադամասերին հարցնես, թե որ կերակուրն է սիրում, իսկ նա հաստատ մի տասնյակի չափ ուտեստներ կնշի: Ամեն դեպքում առանձնացնում է Արամ Խաչատրյանին, ապա հավելում. «Իսկ Կոմիտասը մեզ համար աղոթք է, նաեւ համաշխարհային մեծություն է»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։ 

Կիսվել էջում