Մամուլ

Հոգևորականի աշխատավարձը 110 դրամ է, թող Կճոյանը բացատրի որտեղից իրեն այդ գումարները

Հոգևորականի աշխատավարձը 110 դրամ է, թող Կճոյանը բացատրի որտեղից իրեն այդ գումարները

Հունվարի 11-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ իրեն պատկանող գույքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը սկսեց լայն շրջանառվել այն ժամանակ, երբ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածվեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ուներ։

Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, – խմբ.) հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարել։

Այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ` մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

Նշենք, որ Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում, այնուհետև՝ 2022 թվականին, մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ սույն գործը կարճվել է:

Ըստ տարբեր հրապարակումների էլ՝ Աշոտ Սուքիասյանը նաև «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել Կճոյանին, որը հանրության շրջանում լայն քննարկումների տեղիք էր տվել:

Այս առնչությամբ փաստաբար Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից արդեն անցել է երեք տարի, քանի՞ գույք է բռնագանձվել։ Զրո գույք է վերադարձվել:

Հոգևորականի աշխատավարձը 110 դրամ է, թող բացատրի որտեղից իրեն այդ գումարները։ Օրինական ծագումը բացատրի, գնա քեզ համար ապրի։ Թող ընդհանրապես սոված մարդ չլինի, մենք կողմ ենք դրան։

Կիսվել նյութով