Հարբած մայրը ծեծել է երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը փրկվել
Ռոստովի մարզում ավարտվել է Տագանրոգում երկու վեց ամսական երկվորյակների հետ կապված աղմկահարույց քրեական գործի նախաքննությունը։ Երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել մեկ նորածնի սպանության, մյուսի սպանության փորձի, ինչպես նաև ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։
Ինչպես հայտնում է աղբյուրը, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականի նոյեմբերի 24-ին՝ Մայրերի օրը։ Տագանրոգի խանութներից մեկի նախասրահում հայտնաբերվել էր մանկական մահճակալ, որի մեջ երկու վեց ամսական երկվորյակներ էին։ Երեխաներից մեկը մահացած էր, իսկ մյուսը գտնվում էր ծանր վիճակում։
Նախաքննության վարկածի համաձայն՝ դեպքի օրը երեխաների մայրը եղել է ծանր ալկոհոլային հարբածության վիճակում։ Քննիչների տվյալներով՝ կինը նախկինում նույնպես բազմիցս երեխաներին թողել էր առանց անհրաժեշտ սննդի, ջրի և պատշաճ խնամքի։
Ըստ քննության՝ դեպքի օրը կինը բռնություն է կիրառել նորածինների նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրանց գլխին և մարմնին։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ երկրորդ նորածնի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։
Ականատեսների վկայությամբ՝ կինը երեխաների հետ մտել էր խանութ, սակայն որոշ ժամանակ անց սկսել էր գոռալ և լաց լինել։ Նրա զուգընկերը, նկատելով կատարվածը, հայտնել էր, որ երեխաներից մեկը մահացել է։ Շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել էին նորածնի մահը, իսկ մյուս երեխային տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։
Դեպքից հետո երեխաների մայրը հեռացել էր դեպքի վայրից, սակայն նույն օրը իրավապահները նրան ձերբակալել էին։ Ավելի ուշ, սթափվելուց հետո, նա, ըստ իրավապահների տեղեկությունների, ընդունել էր իր կատարածը։
Քննության ընթացքում պարզվել է նաև, որ կինը նախկինում խնդիրներ է ունեցել ծնողական պարտականությունների կատարման հետ։ Նրա առաջին ամուսնությունից ծնված 10-ամյա որդին այժմ բնակվում է հոր հետ։ Վերջինս նախկինում դատարանի միջոցով փորձել էր ստանձնել երեխայի խնամքն ու դաստիարակությունը։
Ողջ մնացած երկվորյակի խնամքը, ըստ հրապարակված տեղեկությունների, ստանձնել է երեխաների հայրը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ինքնուրույն մեծացնել որդուն։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ անչափահասի սպանության, սպանության փորձի և ծնողական պարտականությունները չկատարելու համար։ Քրեական գործն այժմ պետք է քննվի Ռոստովի մարզային դատարանում։
Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ անչափահասի սպանության համար որպես առավելագույն պատիժ կարող է նախատեսվել ցմահ ազատազրկում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի օրենսդրությամբ կանանց նկատմամբ ցմահ ազատազրկման պատիժ չի կիրառվում։



