Մամուլ

«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է արդեն ավելի քան 15 տարի եւ նույնքան էլ շարունակվում են քննարկումներն ու կարծիքների բախումները, թե ինչքանով է այդ առարկայի գոյությունը նպատակահարմար, որքանով է դա կրոնի քարոզ եւ ընդդեմ մարդու իրավունքների ու Սահմանադրությամբ նրան վերապահված խղճի ու կրոնի ազատության:

Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը թեման այս ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվել է օրակարգում: Որոշ իրավապաշտպան ակտիվիստներ, կրոնական փոքրամասնություններ եւ աթեիստներ պարբերաբար մտահոգություն են հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պարտադիր դասավանդվելու վերաբերյալ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն, օրինակ, 2016 թ. դեկտեմբերին բաց նամակով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ընդգծելով, որ պետությունը ոտնահարել է եզդի երեխաների կրոնական ազատության իրավունքը՝ իրականացնելով կրոնական դաստիարակություն եւ ոչ քրիստոնյա աշակերտների դավանափոխություն՝ դպրոցում որպես պարտադիր առարկա դասավանդելով Հայոց եկեղեցու պատմությունը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը մի առիթով նկատել է, որ դասագրքերի բովանդակությունը միանշանակ եկեղեցու պատմություն չէ, այլ գաղափարախոսության քարոզչություն:

«Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել ծնողներից, որ դպրոցում այդ առարկայի դասավանդումը վերահսկում են տեղի քահանաները, որոնք ուսուցիչներին հրահանգներ են տալիս, մասնակցում են դասերին: Երեխաներին տանում են եկեղեցական ծիսակատարությունների, դասերի ժամանակ ստիպում են աղոթել:

Ուսուցիչներն ամոթանք են տալիս այն աշակերտներին, որոնց ծնողներն այլ կրոնական կազմակերպության անդամներ են, ու ամբողջ դասարանի առջեւ նրանց անվանում աղանդավորներ:

Այդ աշակերտներին դասարանից դուրս են հանում, մեկուսացնում, նույնիսկ նրանց դասընկերներին են ներքաշում, որպեսզի մասնակցեն այդ բոյկոտին»,- պատմել է Դանիելյանը:

Հետհեղափոխական Հայաստանում «Հայոց եկեղեցություն պատմություն» առարկայի լինել-չլինելու հարցը հերթական անգամ ծառացավ, ու թեմայի շուրջ սկսվեցին քննարկումներ:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է այս տարվա հունվարին, քննարկման է առել նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը շարունակելու անհրաժեշտությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վերջերս խոսելով հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից դուրս գալու հնարավորության մասին, ասել էր. «Մեր առջեւ նման հարց չի բարձրացված:

Մենք կարծում ենք, որ հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, պարզապես մենք մեր համատեղ հանդիպումների ընթացքին անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, սակայն, հակված են վիճահարույց առարկան չպահպանելու եւ այն ինտեգրված ձեւով ուսուցանելու տարբերակին:

Նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, որը վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, մեր զրույցում արձագանքելով կաթողիկոսի դիտարկումներին, ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել:

«Հարցը քննարկելիս մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ինչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաեւ քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ):

Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն եւ հասկանան հայ եկեղեցու կարեւորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել «Հայոց պատմության» շրջանակներում:

Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»,- ասաց Արեւիկ Անափիոսյանը:

Կրթական գերատեսչության համար այդ նպատակը հստակ է: «Հայոց եկեղեցին մեծ կարեւորություն է ունեցել հայ ժողովրդի պատմության գործում՝ հայապահպանությունից սկսած մինչեւ շատ-շատ հարցեր:

Եվ աբստրակտել սա պատմությունից ու ցույց տալ առանձին՝ որպես զուգահեռ պատմություն՝ ե՛ւ մեթոդաբանական, ե՛ւ դասավանդման, ե՛ւ ուսումնառության, ե՛ւ նաեւ փորձագիտական տեսանկյունից սխալ է:

Այսինքն՝ լավագույնս դա պետք է անենք՝ պատմության մեջ ճիշտ ձեւով ճիշտ ժամաքանակ հատկացնելով: Իսկ եթե արժեքային հենքի մասին է խոսքը, ապա մենք ունենք արվեստ, մշակույթ, ունենք հայագիտություն. այս բոլոր առարկաների միջոցով այդ արժեքային հենքը ձեւավորվում է սովորողների մոտ»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով