Կյանքից հեռացել է Սաթենիկ Մելիքյանը
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն – ՀՊՄՀ ֆեյսբուքյան էջը գրել է․ «Խորին ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է արվեստաբան, մանկավարժ, երկարամյա և նվիրյալ դասախոս Սաթենիկ Մելիքյանը։
Սաթենիկ Մելիքյանն իր կյանքի և մասնագիտական գործունեության նշանակալի մասը նվիրել է երիտասարդ սերնդի կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը։ Երկար տարիներ աշխատելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ նա իր հարուստ գիտելիքներն ու մասնագիտական փորձը սիրով փոխանցել է ուսանողներին և գործընկերներին։
Նրա վաստակն ու ներդրումը նշանակալի են հայ արվեստաբանության և գիտամանկավարժական ոլորտում, մեր ամբիոնի կայացման գործում։
Մասնագիտական խոր գիտելիքները, ուսանողների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, մարդկային համեստությունն ու բարությունը նրան արժանացրել էին գործընկերների, ուսանողների և նրան ճանաչողների անկեղծ սիրուն ու հարգանքին։
Սաթենիկ Մելիքյանի հեռացումը մեծ և անդառնալի կորուստ է նրա ընտանիքի, հարազատների, գործընկերների, ուսանողների և ողջ կրթամշակութային համայնքի համար։
Խոնարհումով և խորին ցավով կիսում ենք հարազատների վիշտը։
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։»


