Մամուլ

Ծայրահեղ շոգի նոր ալիք է սկսվում

Արևմտյան Եվրոպայի մեծ մասը ուրբաթ օրը հայտնվել է ուժեղ շոգի ազդեցության տակ, որը, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, առաջիկա օրերին կուժեղանա և կարող է հանգեցնել նոր ջերմաստիճանային ռեկորդների, հայտնում է France 24-ը։

Ֆրանսիայում իրավիճակը հատկապես բարդ է․ իշխանությունները փոխել են հարյուրավոր դպրոցների գրաֆիկները, իսկ օդերևութաբանները զգուշացրել են երկարատև ու ինտենսիվ շոգային ալիքի մասին։

Փարիզում հնարավոր է, որ հունիսին ջերմաստիճանը առաջին անգամ անցնի 40 աստիճանը։

Էքստրեմալ եղանակի վերաբերյալ նախազգուշացումներ կան նաև մի քանի այլ երկրներում։

Գերմանիայում սպասվում են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ տեղումներ, իսկ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում բարձրացվել է վտանգավորության մակարդակը։

Իսպանիայում և այլ երկրներում նախազգուշացնում են երկարատև անոմալ տապի մասին, որը կտևի օրեր շարունակ։

Շվեյցարիայում արդեն գրանցվել է հունիս ամսվա պատմական առավելագույն ջերմաստիճան՝ 35,7 աստիճան։

Գիտնականները նշում են, որ նման երևույթների աճը կապված է կլիմայի փոփոխության հետ, իսկ գլոբալ տաքացումը նպաստում է շոգերի և այլ էքստրեմալ երևույթների հաճախացմանը։

Ֆրանսիան արդեն ունեցել է ամենաշոգ գարունը՝ 1900 թվականից ի վեր։ Բնակիչները փորձում են հարմարվել անոմալ շոգին՝ փոխելով առօրյա սովորությունները և ավելի շատ ջուր օգտագործելով։

Կիսվեք ձեր էջում