Իրավապահները պարզում են Դիլիջանում հայտնի, մի քանի սերունդ կրթած ուսուցչուհու մահվան հանգամանքները
Սեպտեմբերի 27-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով մահացած վիճակում տեղափոխվել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն են տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները նաև տեղեկություններ են ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության է ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով է եղել։ Այդ ամենը ճշտելու ուղղությամբ ոստիկաններն ու քննիչները աշխատում են։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը կինը Դիլիջանում մեծ հարգանք է վայելել, աշխատել է դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի, ով մի քանի սերունդ է կրթել, և շատերը մեծ ցավ են ապրել նրա մահվան համար։
Տեղի ունեցածը սպանություն է, թե հանկարծամահություն, պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


