Մամուլ

Ինտրիգը հանգուցալուծվեց. Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Արարատ Միրզոյանը

Վաղը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հանդիպումը։ Վարչապետերի հանդիպման շուրջ ակնհայտորեն առկա էր ինտրիգ՝ պայմանավորված հայ-բելառուսական հարաբերություններում առկա ճգնաժամով։ Եթե Բելառուսի մայրաքաղաք մեկներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա թերևս անխուսափելի էր նրա ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որի օրակարգում, անշուշտ, կլինեին ոչ թե ԵՏՄ-ին, այլ ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների միջև հակասությունները սրվել են այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ առաջացած անհամաձայնությունների հետևանքով։

Սակայն արդեն հայտնի է, որ Հայաստանի պատվիրակությունը Մինսկում ղեկավարելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Իհարկե, այս փաստը կարելի է բացատրել ֆորմալ պատճառաբանություններով, օրինակ՝ նրանով, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդի մեջ է, կամ՝ Հայաստանի կառավարման համակարգի առանձնահատկություններով, երբ պետության ղեկավարը վարչապետն է, ու ԵՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերի փաստացի գործընկերը Հայաստանի առաջին փոխվարչապետն է։

Սակայն առնվազն երկու դեպք է հայտնի, որ ԵՏՄ երկրների վարչապետերի հավաքին մասնակցել է ոչ թե Արարատ Միրզոյանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա՝ եթե նա Մինսկ չի գնում, ապա պատճառները, կարծում ենք, առաջին հերթին, քաղաքական են։

Շատ հնարավոր է՝ Հայաստանը չի ցանկանում ՀԱՊԿ ներսում առկա հակասությունները տեղափոխել ԵՏՄ՝ լարվածության նոր օջախ առաջացնելով եվրասիական ինտեգրացիոն կառույցներից ևս մեկում։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Երևանի ու Մինսկի միջև, գուցե նույնիսկ՝ Մոսկվայի միջնորդությամբ, տեղի են ունենում կուլիսային դիվանագիտական խորհրդակցություններ, ու Լուկաշենկո-Փաշինյան հրապարակային հանդիպումը դեռևս հասունացած չէ ու անգամ կարող է խանգարել հնարավոր կոմպրոմիսների ձեռք բերմանը։

Եվ վերջապես՝ գուցե գործ ունենք հոռետեսական սցենարի հետ, երբ առ այսօր ՀԱՊԿ-ում ստեղծված ճգանաժամի հանգուցալուծումը գտնված չէ, ու Բելառուսի և Հայաստանի ղեկավարները խոսելու բան առանձնապես չունեն։

Առավել մանրամասն՝ 1in.am

Կիսվել նյութով