Ժամանց

Ինչպե՞ս է 14-ամյա Բենիկը սեփական բիզնեսով զբաղվում Հայաստանում

Մի քանի տարի առաջ Ասլանյան-Ջանոյան ընտանիքն ապրում էր հայկական բոլոր ընտանիքների պես` աշխատանք, տուն, երեխաներ, առօրյա հոգսեր։ Բայց մի գաղափարը փոխեց նրանց կյանքի ընթացքը։ Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպել է ընտանիքի հետ և պարզել, թե ինչպես են նրանք ընտանեկան բիզնես սկսել։

Ցանցաճոճում պառկած երիտասարդ ամերիկացին գիրք է կարդում թռչունների դայլայլի և ձիերի խրխնջյունի տակ։ Նա Հայաստան է եկել գործերով. իր համար մի տեղ է փնտրել, որտեղ կարող է հանգստանալ աղմուկից։ Դասական հյուրանոցների և հոսթելների մասին միտքը միանգամից բացառել է։ Տեղեկատվական կայքերի միջոցով գտել է այն, ինչ փնտրել է` քաղաքակրթությունից կտրված հյուրանոց և համատեղությամբ նաև զվարճանքների համալիր Գոմք գյուղում` Վայոց Ձորի մարզում։

Հյուրանոցի սեփականատերը Վայք քաղաքի ընտանիքներից մեկն է, որն ընդամենը չորս տարի առաջ ոչնչով չէր տարբերվում մյուս ընտանիքներից` նույն հոգսերը, տագնապներն ու ուրախությունները։ Սակայն նախկին զինվորական, ընտանիքի հայր Կարեն Ասլանյանի մտահաղացումը փոխել է նրանց կյանքը` սիրելի հոբբին վերածելով հաջողակ բիզնեսի։

«Ես հաճախ էի գործերով լինում այդ գյուղում և միշտ ափսոսում էի, որ քչերը գիտեն այդ գեղատեսիլ վայրի մասին` հիասքանչ բնությամբ։ Եվ ես միշտ ձիեր եմ սիրել։ Գնեցի առաջին ձին, որին կոչեցինք Աստղիկ։ Իսկ հետո սկսվեց…», -պատմում է Ասլանյանը։ Սկզբում ընտանիքը մտածել է միայն ձիարշավարանի մասին, բայց հետո որոշել է քոթեջներ կառուցել, պտղատու այգի տնկել և զվարճանքների ու հանգստի իսկական համալիր ստեղծել։

Այստեղ զբոսաշրջիկներից «պրծում չկա»։ «Բնությունը հիանալի է, մենք նույնիսկ ծառերը չենք ջրում, քանի որ այստեղով բնական աղբյուր է հոսում։ Անձամբ ինձ համար հիմա ավելի հանգիստ է. ամուսինս ամեն օր հոգ է տանում ձիերի, զբոսաշրջիկների մասին, ընտանիքի հետ է, ոչ թե զինվորականների ու զենքի», -պատմում է Կարենի կինը` Մերի Ջանոյանը։

Ամուսինները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի բիզնեսը կայանա, բայց առանց իրենց 14-ամյա որդու` Բենիկի հաստատ գլուխ չէին հանի, որովհետև նա ընտանիքում և հյուրանոցի աշխատողներից միակն է, որ անգլերեն գիտի։ Երբ զբոսաշրջիկների հետ խոսակցությունը սկսում է դուրս գալ սովորական կենցաղային թեմաների շրջանակից, բոլորը միանգամից դիմում են Բենիկին։ Նա Գոմքի պատմությունն է պատմում, ցույց է տալիս Ջերմուկ հասնելու ճանապարհը, օգնում է կառավարել ձիերին։

benik1

«Երբեմն ծնողներս մոռանում են` ինչ է ձիու անունը, և ինձ են կանչում։ Երբ պետք է դրամաշնորհների համար դիմել, նույնպես ինձ են կանչում։ Ես այստեղ ոչ միայն աշխատում եմ, այլև տանջվում», -հանդիսավոր հոգոց է հանում Բենիկը։

Հարցին, թե չէր ուզի՞ իր հասակակիցների պես պարզապես դպրոց գնալ, լիովին գիտակցված պատասխան է տալիս. «Իհարկե, կուզեի ոչ մի լուրջ բանի մասին չմտածել։ Բայց մյուս կողմից ինձ վճարում են, ես գումար եմ հավաքում (խորամանկորեն ժպտում է) արտասահման մեկնելու և Երևանի Ամերիկյան համալսարանում սովորելու համար»։

Վերջում Ասլանյանները ծիծաղելի պատմություններ են պատմում ձիերի մասին, որոնք բավականին խանդոտ են։ «Մի անգամ մեր զբոսաշրջիկները` Լիտվայից ժամանած ամուսինները, ձի էին նստել։ Ամուսինը որոշեց համբուրել կնոջը, բայց մոտենալիս ձին փորձեց կծել աղջկան։ Մենք բոլորս անհանգստացանք, որ հիմա մեր հյուրերը կբողոքեն։ Իսկ նրանք ծիծաղեցին, աղջիկն էլ ավելացրեց, որ լավ կլինի տանը ձի պահեն. թող հետևի ամուսնուն և հեռու պահի կպչուն կանանցից»։

Ի դեպ, հենց այդ հատվածում նրբագեղ վազքով ինձ մոտեցավ ձիերից մեկը։ Իսկ ես բոլորովին ոչ նրբագեղորեն փախա գործողության վայրից։ Բա որ հանկարծ խանդի…

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում