Քաղաքականություն

Թավշյա հեղափոխությունը ևս մարդուն դիտարկում էր ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ, ԱՇԽԱՐՀԱՅՑՔԱՅԻՆ, ԱՐԺԵՔԱՅԻՆ ԱՍՊԵԿՏԻ ՄԱՍԻՆ

Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը:

Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին: Հայտարարում ու դրա իրականացումը պայմանավորում է առավելապես քաղաքացիների մասնակցությամբ, մարդկանց տնտեսական վարքագծի փոփոխությամբ:

Այսպիսով, կառավարությունն իր ծրագրի, տնտեսական հեղափոխության իրականացման հարցում մարդուն, քաղաքացուն դիտում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Կառավարության ծրագիրն ազդարարում է, որ տնտեսական հեղափոխությունն իրականացվելու է ոչ թե հանուն քաղաքացու, այլ քաղաքացու միջոցով: Սա է կառավարության ծրագրի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, որը, դժբախտաբար պրոեկցվում է իշխանության ողջ գործունեության վրա:

Լայն իմաստով, թավշյա հեղափոխությունը ևս մարդուն դիտարկում էր ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Դրա վկայությունն է նաև այն, որ անցած տասն ամիսների ընթացքում մարդու, քաղաքացու համար հեղափոխությունը առարկայական ոչինչ չի արել, այլ շարունակում է առաջնորդվել մարդուց, քաղաքացուց ինչ-որ բան ակնկալելու մարտավարությամբ:

Հազարամյակների ընթացքում մարդ-աշխատանք հարաբերության առումով մարդկության պատմությունը ձևավորել է երկու մոտեցում՝ «աշխատանքը մարդու համար» և «մարդը աշխատանքի համար»: Առաջինը մարդակենտրոնության աշխարհայացքային հիմքն է, երկրորդը՝ մարդու շահագործման քաղաքականության հենքը:

Կառավարության ծրագիրն ու իշխանության ողջ քաղաքականությունը «մարդը աշխատանքի համար» կենսափիլիսոփայության արտահայտությունն է: Հայկական թաշյա և տնտեսական հեղափոխությունները մարդակենտրոն չեն, դրանք ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների, որոնց համար մնացյալ քաղաքացիները միջոցներ են՝ իրենց նպատակներին հասնելու ճանապրահին:

Իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա մարդակենտրոնության փիլիսփայությանը, դադարի մարդուն դիտարկել որպես միջոց, մարդը, քաղաքացին պետք է դառնա նպատակ, բոլոր նպատակներից ամենակարևոր նպատակը: Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը պետք է ծառայի մարդուն, քաղաքացուն»:

Կիսվել նյութով