Մամուլ

Երևանում մասնավոր մանկապարտեզի դայակը երեխայի այտերը քաշել է՝ պատճառելով վնասվածքներ

Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը, ցավ պատճառել, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Կիսվեք ձեր էջում