«Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանը բացահայտել է Աբելից բաժանվելու պատճառները
«Սրտի տանիքներով» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Օլյա Հակոբյանն էր․ զրույցին հետևել է նաև Bavnews.am-ը։
Հաղորդման ընթացքում Օլյա Հակոբյանն առաջին անգամ բաց խոսել է իր և նախկին ամուսնու՝ Աբելի բաժանման պատճառների մասին՝ նշելով, որ տարիների ընթացքում հասկացել է՝ սերը միայն զգացմունք չէ, այլ նաև փոխըմբռնում, արժեքների և աշխարհայացքի համընկնում։
«Երբ մարդ սիրահարվում է, այն էլ փոքր տարիքում, իսկ 22 տարեկանը փոքր եմ համարում, ամեն ինչին մի քիչ այլ կերպ է նայում։ Դա ավելի շատ էմոցիոնալ դաշտ է, սիրտ ու հոգի է։ Չկա վերլուծություն, չես մտածում՝ իրար համապատասխանում եք տեսակներով, աշխարհայացքով, պատկերացումներով, թե ոչ»,– նշել է նա։
Դերասանուհու խոսքով՝ ինքը շատ էր սիրում և չափազանց սիրահարված էր, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ իր մտքում ստեղծել էր մի կերպար, որը իրականության հետ ամբողջությամբ չէր համընկնում։
«Մի կետում հասկանում ես, որ դու ես քո մտքում ստեղծել մի կերպար՝ այդ մարդու տեսքով ու դիմագծերով։ Նա վատը չէ, դու էլ վատը չես, ուղղակի իրար հետ չեք ստացվում»,– ասել է Օլյան։
Նա նաև անդրադարձել է այն կարծիքին, թե ընտանիքը պետք է պահպանել հանուն երեխաների՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը չի կիսում։
«Եթե դուք իրար հետ ձեր կյանքը պետք է փչացնեք հանուն ինչ-որ նորմերի, և շատ հաճախ ասում են՝ հանուն երեխաների, ես դրա դեմ եմ»,– եզրափակել է դերասանուհին՝ խոսելով իր կյանքի այդ շրջանի մասին։
Տեսանյութը ստորև․


