Ազատ խոսք

Եթե մտածում եք, որ «Լևոնի թոռն ա, ուրեմն պակաս արժանի ա», ուրեմն դեռ չեք սովորել մարդկանց գնահատել իրենց արժանիքներով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի լավագույն բուհերում սովորելու երազանք ու իրավունք կարող են ունենալ բոլորը՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու ծնողների դիրքից, նրանց ով լինելուց: Եթե մտածում եք, որ «Լևոնի թոռն ա, ուրեմն պակաս արժանի ա», ուրեմն դեռ չեք սովորել մարդկանց գնահատել իրենց արժանիքներով, ոչ թե ծնողների ունեցվածքով կամ դիրքով:

Անձամբ ո՛չ ԼՏՊ-ին եմ ճանաչում, ո՛չ՝ իր ընտանիքի անդամներին, բայց եթե ես ունեցել եմ իմ երազած բուհում կրթաթոշակով սովորելու հնարավորություն, ինչի՞ պետք է իր թոռը չունենա… Լևոնի թոռն ա դրա համա՞ր: Իսկ մեզնից ո՞վ ա ընտրել իր ծնողներին:

Ի դեպ, կրթաթոշակը բարեգործություն չի, այլ ներդրում է երկրի ապագայի մեջ: Կրթաթոշակը միայն անվճարունակության կամ աղքատության մեջ գտնվելու հիմքով չի տրվում. այն ստանալու համար մրցում են և արժանանում են լավագույնները:

Էս էժանագին, մանիպուլյատիվ լուրերը արդեն անցնում են բոլոր սահմանները: Հայաստանը պետք է դառնա հավասար հնարավորությունների երկիր, որտեղ ամեն մեկն ունի իր երազանքի հետևից գնալու իրավունք»:

Կիսվել նյութով