Մամուլ

Դատարանը քննում է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը քննում է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու միջնորդությունը

Aravot.am-ը գրում է․ Դատարանն այսօր քննեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Մհեր Ենոքյանի կնոջ, նրա շահերը ներկայացնող Զարուհի Մեժլումյանի խոսքով՝ Ենոքյանի մասին դրական եզրակացություն են տվել ոչ միայն քրեակատարողական հիմնարկից, այլեւ՝ պրոբացիայի ծառայությունից:

Դատարանում այսօր ներկայացվեցին Ենոքյանի ձեռքբերումները, թե այս տարիների ընթացքում ինչ մրցումների է մասնակցել, որտեղ է ուսանում, ինչ կրթություն է ստացել, ինչ աշխատանքներ է տարել։

Սպանվածի քույրը նկատում է՝ Ենոքյանը, երբ իր եղբորն էր սպանում, կրկին ուսանող էր ու իր ինտելեկտն այն ժամանակ էլ չխանգարեց, որ հանցագործություն կատարի:

Մհեր Ենոքյան

«Մարդ, որ չի զղջում իր արածի համար: Դեմ ենք, որ նման երեւույթը լինի ազատության մեջ իմ երեխեքի, իմ ընկերների երեխեքի կողքին: Իրականում նենգաբար պլանավորել ու իրագործել է այդ սպանությունը, իհարկե, մենակ չի եղել, հետը կար նաեւ Արամ Հարությունյանը, որը 15 տարի նստել, դուրս է եկել:

Դա չի նշանակում, որ իրեն չենք մեղադրում, որ չենք ցանկանում, որ ինքը նույնպես ցմահ ազատազրկված լիներ եւ չապրեր ազատության մեջ: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող է փոխվել: Ինքը, ի սկզբանե, ընդունել է մեղքը, հետո սկսել է հրաժարվել:

Հիմա փորձում է գցել Արամ Հարությունյանի վրա՝ հաշվի առնելով, որ երկրորդ անգամ նրան նույն հանցանքի համար չեն դատի»,- ասաց Ելենա Աղաջանովան: «Մենք չենք խնդրել, այլ՝ պետական հիմնարկն է նման միջնորդություն ներկայացրել:

Դա իրավունք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 85 հոդվածով»,- Aravot.am-ին ասաց Մեժլումյանը:

Կիսվել նյութով