Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով.

«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ, այսինքն՝ բաց ռեժիմ»:

Սա նշանակում է, որ դատապարտյալն իրավունք ունի ժամը 08:00-20:00-ն դուրս գալ հիմնարկից։ Նա վերադառնալուց հետո կարող է քնել մյուս դատապարտյալներից առանձին՝ այլ գոտում հատկացված կացարաններում: 

Հիշեցնենք, որ 20 տարեկանում՝ 1996 թ-ին, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար։

Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։