Մամուլ

Գները տարօրինակ բարձր են. գնում եմ ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման քննարկելու. Փաշինյան

Ահազանգեր կան, որ շուկան թանկ է, ուզեցի համոզվել, նաեւ պատճառները հասկանալ: Այս մասին, այսօր՝ ԳՈՒՄ-ի շուկայում լրագրողների հետ զրւոյցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք էս սեզոնի կարեւոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, եւ, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ եւ վարունգ է հայտնվել շուկայում, որովհետեւ Հայաստանի համար մի քիչ անսովոր է: Այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», – նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ոռոգման խնդրին, վարչապետը նշեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է. խնդիրն այն է, որ ջուր չկա՞, թե կա, բայց վատ է օգտագործվում եւ ոմանք չարաշահումներ են անում. «Ես պնդում չեմ անում, ես ասում եմ, որ այդպիսի խնդիրներ կան. քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդել»:

Հարցին, թե գյուղմթերքի գներին ծանոթանալուց հետո, ինչ քայլ է հաջորդելու, Փաշինյանը պատասխանեց. «Հիմա գնում եմ ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման նաեւ քննարկելու»:

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում