«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի. 1 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



