Մամուլ

Բժիշկները հայտնել են որ խաղալիքն է երեխաներին հիվանդանոց հասցնում

Բժիշկները զգուշացնում են, որ հայտնի NeeDoh սենսորային խաղալիքների ոչ ճիշտ օգտագործումը կարող է երեխաների և դեռահասների մոտ լուրջ այրվածքներ առաջացնել, գրում է New York Post-ը։

NeeDoh-ը վառ գույներով, փափուկ և ձգվող սենսորային խաղալիք է, որը նախատեսված է սեղմելու և ձգելու համար։ Սակայն մասնագետների խոսքով՝ այն կարող է վտանգավոր դառնալ, եթե տաքացվի, սառեցվի կամ դրվի միկրոալիքային վառարանում։

Բժիշկները նշում են, որ նման դեպքերի մի մասը կապված է սոցիալական ցանցերում տարածվող վտանգավոր «չելենջների» և տեսանյութերի հետ։

Որոշ NeeDoh խաղալիքներ լցված են խիտ գելանման նյութով, որը տաքանալիս ընդարձակվում է։ Այդ պատճառով խաղալիքի ներսում ճնշումը մեծանում է, և այն կարող է պայթել՝ դուրս շպրտելով չափազանց տաք ու կպչուն նյութ, որը մաշկի հետ շփվելիս առաջացնում է ծանր այրվածքներ։

Ալաբամայի մանկական շտապ օգնության բաժանմունքի մանկաբույժ Ալիսիա Ուեբը հայտնել է, որ բուժել է մի քանի երեխայի և դեռահասի, որոնք վնասվածքներ են ստացել միկրոալիքային վառարանում խաղալիքը տաքացնելուց հետո։

Նրա խոսքով՝ ծնողները պետք է ուշադիր լինեն երեխաների վարքագծի նկատմամբ և հետևեն սոցիալական ցանցերում տարածվող վտանգավոր միտումներին։

Սթեյթեն Այլենդի համալսարանական հիվանդանոցի այրվածքների բաժանմունքի տնօրեն Մայքլ Քուփերը նշել է, որ երեխաների մաշկն ավելի բարակ և զգայուն է, ուստի նույնիսկ կարճատև շփումը տաք նյութի հետ կարող է հանգեցնել խորքային այրվածքների։

New York Post-ը ներկայացրել է նաև մի շարք նման դեպքեր։ Դրանցից մեկում 7-ամյա աղջիկը ծանր այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ միկրոալիքային վառարանում տաքացված խաղալիքը պայթել է։

Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, պահել արհեստական կոմայի մեջ, իսկ հետագայում նա ենթարկվել է մաշկի փոխպատվաստման վիրահատության։

Մեկ այլ դեպքում 9-ամյա տղան ստացել է երկրորդ աստիճանի այրվածքներ՝ տաքացած խաղալիքի պայթյունի հետևանքով։ Գրանցվել է նաև 13-ամյա աղջկա վնասվածքի դեպք, երբ խաղալիքը մի քանի ժամ մնացել էր արևի տակ կայանված մեքենայում, տաքացել և պայթել։

Արտադրող ընկերությունը զգուշացնում է, որ NeeDoh խաղալիքները չի կարելի տաքացնել, սառեցնել կամ դնել միկրոալիքային վառարանում։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս դրանք չթողնել տաք մեքենաներում և պարբերաբար ստուգել՝ համոզվելու համար, որ խաղալիքի պատյանը վնասված կամ ճաքած չէ։

Կիսվեք ձեր էջում