Մամուլ

Բախվել են 2 Mercedes-ներն ու Hyundai Sonata-ն. վերջինս վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա զոհ և վիրավոր

Բախվել են 2 Mercedes-ներն ու Hyundai Sonata-ն. վերջինս վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա զոհ և վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում, Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, բախվել են Mercedes E-220, Mercedes C-180 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, Hyundai Sonata-ն դեպի Ջրվեժ ընթանալիս, նախ բախվել է Mercedes C-180-ին, ապա դուրս եկել հանդիպակած գոտի, բախվել Mercedes E-220-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հոգու շինության քարե պարսպի մոտ:

mercedes avtovtar 1

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոռայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում ճիշտ և առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակն այնքան լարված էր, որ ոստիկանները չէին կարողանում հանդարտեցնել կրքերը, իսկ Hyundai Sonata-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Բյուրեղավան գյուղի բնակիչ էր, ով մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում ոչ միայն Կոտայքի մարզում, այլև՝ Հանրապետությունում, ով բազմաթիվ անգամներ օգնության ձեռք է մեկնել սոցիալապես անապահով ընտանիքներին, մեծ մասնակցություն է ունեցել Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ՝ լինելով ոչ միայն առաջնագծում, այլ նաև միշտ օգնություն է ուղարկել առաջնագծում կանգնած զինվորներին:

Մահացածը և վիրավորը թաղման արարողությունից էին վերադառնում: Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել նյութով