Ամուսինն ու սիրուհին սպանել են կնոջը․ նրա մարմինը հայտնաբերվել է մեկ շաբաթ անց
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Նազարովո քաղաքում տղամարդն ու նրա զուգընկերուհին ձերբակալվել են տղամարդու կնոջ սպանության կասկածանքով։ Զոհը՝ Ելենան, նախկինում մասնակցել էր «Мужское / Женское» հաղորդմանը, որի ընթացքում պատմել էր իր անձնական կյանքի և ամուսնու ագրեսիվ վարքագծի մասին։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ 36-ամյա տղամարդու և նրա 41-ամյա զուգընկերուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրանք կասկածվում են մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու մեջ։
Քննության վարկածով՝ օգոստոսի 14-ի երեկոյան կասկածյալները գնացել են Նազարովոյի Արբուզովա փողոցի հանրակացարան՝ տղամարդու 42-ամյա կնոջ հետ հարաբերությունները պարզելու նպատակով։
Վիճաբանության ընթացքում, ըստ քննիչների, տղամարդը մի քանի անգամ կնոջ գլուխը հարվածել է մետաղական լոգարանին։ Այնուհետև, իրավապահների փոխանցմամբ, նրա զուգընկերուհին բռնել է կնոջ ոտքերը, իսկ տղամարդը պարանով խեղդել է նրան։
Քննիչների պնդմամբ՝ սպանությունից հետո կասկածյալները փորձել են թաքցնել հանցագործության հետքերը։ Նրանք կնոջ մարմինը փաթաթել են վերմակով, տեղափոխել հարևան բակ և ծածկել տերևներով։
Մարմինը հայտնաբերվել է միայն օգոստոսի 20-ին՝ դեպքից մոտ մեկ շաբաթ անց։ Այն նկատել է պատահական անցորդը, որը կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին։
Քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տղամարդն ու նրա զուգընկերը ձերբակալվել են։ Քննիչների տվյալներով՝ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը։
Ներկայումս դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Քրեական գործի շրջանակում շարունակվում է ապացույցների հավաքագրումը, նշանակվել են նաև մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
Դեպքը լայն արձագանք է ստացել նաև այն պատճառով, որ սպանված կինը նախկինում մասնակցել էր «Мужское / Женское» հեռուստահաղորդմանը։ Հաղորդման ընթացքում նա պատմել էր իր հարաբերությունների և ամուսնու ագրեսիվ վարքագծի մասին։
Քննությունը շարունակվում է։ Կասկածյալների մեղավորության վերջնական գնահատականը կտա դատարանը։


