Մամուլ

Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. պատճառը քաղաքական չէ

Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. պատճառը քաղաքական չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երեւանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։

Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր Կենտրոնի սպեցիֆիկան ու միայն Կենտրոնին բնորոշ խնդիրները հասկանալու եւ դրանց լուծման ուղղությամբ ճիշտ ռազմավարություն մշակելու համար։

Վերջին մեկ տարում իմ թիմի հետ իրականացրած աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել բացառապես այդ առանձնահատկությունները։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմում:

Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ եւ ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին եւ երկրին:

Այս քայլս ամենեւին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի եւ վստահության համար` եւս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին` վստահության եւ մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին եւ ավագանու անդամ իմ գործընկերներին՝ քաղաքային կառավարման նոր մոտեցման շուրջ միասնաբար եւ թիմային հանդես գալու համար, իմ ճիշտ մոտիվացված թիմակիցներին, որոնք նվիրումով եւ պատրաստակամությամբ սատարեցին իմ մեկամյա գործունեությունը, նաեւ Կենտրոնի սրտացավ բնակիչներին՝ համագործակցության եւ մեր ուժերին հավատալու համար։

Հարգանքով՝

Վիկտոր Մնացականյան»։

Կիսվեք էջում