Չեմ էլ պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե ես մեկին ծեծեի․ Արսեն Ջուլֆալակյանը հերքում է գործընկերոջը ծեծի ենթարկելու մասին լուրը

Չեմ էլ պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե ես մեկին ծեծեի։ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մեղադրվում են ծեծկռտուքի մասնակից լինելու մեջ։

Երեւան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը պնդում է, որ Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրեն: Տուժողը «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառումով հերքել է, որ ինքն ու հայրը ծեծի են ենթարկել Սերգեյ Միխիթարյանին:

«Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների եւ իհարկե լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով,նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, եւ լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար…

Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։

Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք եւ ֆիզիկական բռնություն իմ եւ իհարկե Լեւոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր եւ երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար,որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել(ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր…), կանչել ենք շտապ օգնություն եւ տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը եւ ինչի՞ համար է այդ ամենն արվում։ Թերեւս այսքանը։ Մնացածը երեւի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լեւոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (եւ մի հատ էլ հայրս հետս…) մեկին ծեծեինք, ինչ հետեւանքներ կարող էր դա ունենալ»,- գրել է Արսեն Ջոլֆալակյանը: