Ոտքը կորցրած վիճակում առաջինն օգնության է հասել վիրավոր ընկերոջը. Արտակ Զեյնալյանի անցած ուղին

Armlur.am-ը գրում է․ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը (եւ արդարադատության համակարգն ընդհանրապես), որ նույնացվում էր նախկին իշխանության կարկառուն օրենսգետներից մեկի՝ «զլոյ գենի»-ի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանի հետ, թավշյա հեղափոխությունից հետո վստահվեց «ԵԼՔ» խմբակցության թերեւս ամենահավասարակշռված ու զուսպ պատգամավորին՝ Արտակ Զեյնալյանին:

Թեեւ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Զեյնալյանն առաջադրվել էր որպես «Մենք» դաշինքի թեկնածու, իսկ դաշինքը չանցավ խորհրդարան, նա, սակայն, վարչապետի առաջարկով նախագահի կողմից վերանշանակվեց նույն պաշտոնում: Մայիսի 12-ին լրացավ սույն պաշտոնում Զեյնալյանի պաշտոնավարման մեկ տարին: Բժիշկ, իրավաբան, իրավապաշտպան Սեպտեմբերի 9-ին իր 50 ամյակը բոլորող Ա. Զեյնալյանը, դատելով նրա կենսագրական տեղեկանքից, առաջին մասնագիտությամբ բժիշկ է՝ վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ:

1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, ապա Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ: 2002թ. ապագա նախարարն ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան, ապա «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը. իրավաբան է: Նա պետական կառավարման ապարատում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտին առնչվող մասնագիտական մեծ փորձ ունի:

Աշխատել է նախկին իշխանության տարիներին, մասնավորապես` երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք, 1998-2001թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Շուրջ մեկ տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության համատեղ «Ժողովրդագրական առողջապահական հետազոտություն» ծրագիրը, նաեւ ՀՀ ԿԱ մարդասիրական օգնության, առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները: 2010թ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:

Դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում եւ փաստաբանների պալատում: Զեյնալյանը նաեւ իրավապաշտպան ակտիվ գործունեություն է ծավալել դեռեւս 2000-ականների սկզբից, մասնավորապես՝ «Տանիք» իրավապաշտպան ՀԿ-ի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է, 2003թ.՝ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան ՀԿ անդամ: 2011թ. նա հիմնել եւ նախագահել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետ է:

2016թ Ապրիլյան պատերամից հետո նա ստանձնեց «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգումը: Հերոս Արտակը Ա. Զեյնալյանի կենսագրության նշանակալի փուլերից է նրա մասնակցությունը Արցախյան ազատամարտին «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում: Այդ ժամանակ նա երկրորդ կուրսի ուսանող էր եւ հենց պատերազմի դաշտում էլ կորցրել է ոտքը:

Զելյանլյանը ԵԿՄ հիմնադիր անդամներից է, 2001-ին եղել է «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար: 2018-ին, երբ «Լույս» դաշինքի կազմում Զեյնալյանը հավակնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնին, քարոզարշավի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նրա կենսագրականից մի ուշագրավ դրվագ բացահայտեց:

Ըստ այդմ՝ պատերազմի դաշտում իր ընկերներին օգնելու համար, որոնք պաշարման մեջ էին ընկել, նա բացահայտել է իր եւ երեք ընկերների տեղը, որպեսզի թշնամին գա իրենց վրա, ու պաշարման մեջ հայտնվածները նահանջեն: Թշնամին, բացահայտելով նրանց տեղը, հրանոթով հարվածել է, Զեյնալյանը ծնկից վերեւ կորցրել է ոտքը:

Ա. Սարգսյանի խոսքով՝ լինելով բժիշկ՝ Ա. Զեյնալյանը ոտքը կորցրած վիճակում առաջինն օգնության է հասել վիրավոր ընկերոջը, որը, սակայն, մահացել է, հետո օգնել է մյուս ընկերոջը, որն իր պես ոտքն էր կորցրել, որ դուրս գան այդտեղից, եւ ոտքը կորցրած վիճակում վիրավոր ընկերոջը հասցրել է տանկի մոտ: Իր հարցազրույցներից մեկում հարցին, թե ինչ սովորեցիք պատերազմում, Զեյնալյանն արձագանքել էր. «Երեւի թե կյանքի արագացված կուրսեր անցա»: 

Աղբյուր՝ armlur.am