Մամուլ

Իմ արժանապատվությունից ցածր է մեկնաբանել մարդու, ով բանակից շատ հեռու է․ «Հրապարակ»

Իմ արժանապատվությունից ցածր է մեկնաբանել մարդու, ով բանակից շատ հեռու է

Hraparak.am-ը գրում է․ Այս պահին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում է, պատասխանում է հանձնաժողովի անդամների հարցերին։

Ընթացքում անդրադարձ եղավ նաև պատերազմի ժամանակ Գեներալ Մովսես Հակոբյանի՝ Արցախի հրամանատարաշտաբային կենտրոնում գտնվելու հարցին։

Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե ո՞ւմ հրահանգով է Մովսես Հակոբյանը գտնվել այդ կենտրոնում։ Տոնոյանն էլ պատասխանեց, որ ՊԲ հրամանատարի խնդրանքով է գեներալ Հակոբյանը այնտեղ գտնվել։

Hraparak.am-ը զրուցել է Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե ի վերջո ո՞ւմ հրահանգով է նա այնտեղ գտնվել։

«Իմ պաշտոնը թույլ էր տալիս գտնվել այնտեղ, որտեղ ես ցանկանում էի»,- պատասխանեց Հակոբյանը։

Այսինքն՝ Դո՞ւք եք ցանկացել այնտեղ գտնվել։

Այո, բայց երբ վարչապետը բոլորին ասել է դուրս եկեք, ՊԲ հրամանատարը խնդրել է, որ ես մնամ իր մոտ ։

Դուք այնտեղ խորհրդատվության համա՞ր էիք գնացել, թե՞ հրամանատարական լիազորություններ ունեիք։

Ոչ նա, ոչ էլ նա։ Ես հրաման տալու իրավասություն չունեի, իսկ եթե անհրաժեշտ են գտել, որևէ բան հարցնել, հարցրել են։

Պարոն գեներալ, նաև այն հարցին անդրադարձ եղավ, թե՞ կայի՞ն մարդիկ, որոնք հրամանատարական կետում գտնվելու իրավունք չունեին։ Տոնոյանն ասաց, որ այդ մարդիկ որոշումների վրա ազդեցություն չեն ունեցել։ Դա Աննա Հակոբյանի՞ն է վերաբերվում։

Ես չգիտեմ։

Իսկ նա, ըստ Ձեզ, որոշումների վրա ազդեցություն ունե՞ր։

Ոչ։

Նաև անդրադարձ եղավ Սու30-ների գնմանը։ Տոնոյանն ասաց, որ այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա պիտի գնվե՞ր, որ Սու 30-նների գնումը չարդարացված է։ Ի՞նչ էր նախատեսվում գնել այդ ինքնաթիռների փողով։

Ես չեմ կարող Դավիթ Տոնոյանին մեկնաբանել, իմ արժանապատվությունից ցածր է մեկնաբանել մարդու, ով բանակից շատ հեռու է։

Ուրեմն իմ հարցը մեկնաբանեք, ի՞նչ պիտի գնվեր այդ գումարով։

Կա զարգացման պլան, որի համեմատ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանն է՝ 2018-23 թվականների։ Այդտեղ, իմ ցանկությունները չասեմ, բայց ինչ ես նախատեսել էի, որ անհրաժեշտ է, այնտեղ արտացոլված է:

Կիսվեք էջում