Մամուլ

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում․ ծննդյան արարողության մեկնողներից 2-ը տեղում մահացել են, կան վիրավորներ

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում․ ծննդյան արարողության մեկնողներից 2-ը տեղում մահացել են, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 12։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ դեպի Վարդենյաց լեռնանցք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղեկալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղյա ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողությանը մասնակցելու։

Կիսվել էջում