«Գլուխդ կկոխեմ ո․․․դ»․ Ռեստորանի տնօրենը՝ Իմ քայլի պատգամավոր Արման Եղոյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Analitik.am-ը գրում է․ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 2-ին Արագածոտնի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել Իմ քայլի պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի մասնակցությամբ:

Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում մի խումբ անձանց միջև։ Նշված վայր էին մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։

Այսօր՝ հունիսի 7-ին խմբագրություն կապ հաստատեց «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Ռազմիկ Աբգարյանը՝ ներկայացնելով տեղի ունեցածի իր տարբերակը:

Աբգարյանը մասնավորապես նշեց, որ հունիսի 2-ին Արման Եղոյանն իր ընկերուհու՝ Լեռնիկ Օհանջանյանի հետ ժամանել է իրենց մոտ՝ ամառային գոտում գտնվող ռեստորանային համալիրի տարածք։ Ժամը 18:25 հյուրը ցանկացել է իր սննդի հաշվի չեկը, և ինքն այն ուղարկել է, սակայն օրենքը պահանջում է, որ պետք է սննդի չեկն ուղարկվի, հետ գա կասա, գումարը վերցնեն, նոր ՀԴՄ չեկը տրամադրեն. «Ես արել եմ այն, ինչը որ պահանջվում է օրենքի շրջանակներում»։

«Դրանից հետո ես անձամբ  ստացել եմ գումարը և խփել եմ ՀԴՄ կտրոնը։ Ժամը 18:25 ուղարկել եմ կտրոնը և, քանի որ ճանապարհը կասայից դեպի այդ տարածք հեռու է, 6:31 ստանալով գումարը՝ խփել եմ ՀԴՄ կտրոնը։ Երբ Արման Եղոյանը մոտեցավ իր մանրը վերցնելու, տեսավ, որ այդ պահին ՀԴՄ կտրոնը պապկայի մեջ դրված չի և հարցրեց, թե ով է տնօրենը, որից հետո ես ներկայացա որպես տնօրեն։

Եղոյանը հարցրեց, թե ո՞ւր է ՀԴՄ կտրոնը, ես, սեղանի վրայից վերցնելով կտրոնը, տվեցի նրան, իսկ ինքը հայտարարեց, որ ես պարտավոր եմ ՀԴՄ կտրոնը դնել պապկայի մեջ: Ես ասացի, որ իմ պարտավորությունը կայանում է միայն նրանում, որ ՀԴՄ կտրոնը ժամանակին խփեմ, և եթե ինքը ցանկանում է ՀԴՄ կտրոնը, ես դա տրամադրում եմ իրեն։ Այլ խնդիր է, եթե ինքն առաջարկեր խփել ՀԴՄ կտրոնը և ես այդ պահին նոր խփեի: Իսկ եթե խփված պատրաստ դրված է սեղանի վրա և ես այն տրամադրում եմ, դա լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց Աբգարյանը:

Մեր զրուցակցի պնդմամբ, Եղոյանը պարզապես ցանկացել է վիճաբանություն ստեղծել. «Նա  գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում։ Նշեմ, որ իրենք ռեստորանային այս համալիրում եղել են մոտ մեկ ժամ և խմել են ամեն մեկը երկու լիտր գարեջուր, և ալկոհոլի ազդեցության տակ Եղոյանը վրդովված մոտեցել էր ինձ և վիճաբանում էր։

Ես ասել եմ, որ ինքն օրենքի մարդ չի, և իրավունք չունի ինձ հետ այսպես ոչ ադեկվատ զրույց ծավալելու։ Առաջարկել եմ նաև, որպեսզի հեռախոսով նկարի կտրոնը և ուղարկի հարկային տեսչությանը, իսկ հարկային տեսչությունն իր ծառայակիցներին կուղարկի մեր մոտ և, քանի որ ՀԴՄ ապարատի մեջ գոյություն ունի ժամանակային իստորիա, ցույց կտա, թե երբ է խփվել կտրոնը։

Նշեմ, որ այդ ընթացքում, Եղոյանի ընկերուհին  տեսանկարահանում էր իմ փակ տարածքը, որտեղ սեղանի վրա դրված էր գումար, բացի դրանից, իմ մեջքի հետևում գտնվող կասան բաց էր գումարային պարունակությամբ, այնտեղ էին նաև իմ անձնական իրերը։ Մեր մատուցողներից Սամվելը, ոչ թե խփելով, այլ ձեռքը հրելով ասել է, որ վերջինս իրավունք չունի տեսանկարահանել փակ տարածք, որից հետո Եղոյանը, թեքվելով սպասարկող անձնակազմի կողմն ասաց․ «Գլուխդ կկոխեմ ո….դ»»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։