Մամուլ

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 16-ամյա Զարզանդը գողացված ձիուց վայր է ընկել․ նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 16-ամյա Զարզանդը գողացված ձիուց վայր է ընկել․ նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով, երկու ծնկների պատռած վերքեր, ձախ նախաբազկի դաստակային մասի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Զարզանդ Մ-ն է։ Վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է ձիուց վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում Զարզանդ Մ-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասնորի գործերով բաժանմունքի ծառայողները թարմ հետքերով պարզել են, որ տեղեկությունները որ նա ձիուց է վայր ընկել, համապատասխանում են իրականությանը։

Սակայն պարզել են նաև որ «Զազո»անունով ձին Զարզանդը գողացել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքից և ձին պատկանում է Արարատի մարզի բնակիչ, 54-ամյա Վարուժան Ս-ին։

Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, որ ձին գողացվել է Վարուժան Ս-ին պատկանող անասնաֆերմային կից տարածքից, որը գտնվում է Արարատի մարզի գյուղերից մեկում, ու հասնելով Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոց՝ Զարզանդը ձիուց վայր է ընկել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Զազո» ձիուն ոստիկանները հանձնել են տիրոջը։

Կիսվեք էջում