Այդ նույն հոդվածով պետք է կալանավորվի նաև Գնել Սարգսյանը․ Անահիտ Մութաֆյան․ «Հրապարակ»
Այդ նույն հոդվածով պետք է կալանավորվի նաև Գնել Սարգսյանը․ Անահիտ Մութաֆյան
Hraparak.am-ը գրում է․ Պրոդյուսեր, ռեժիսոր Արմեն Գրիգորյանը մայիսի 18-ին կալանավորվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ։
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև համաձայն չէ Արմեն Գրիգորյանի հնչեցրած մտքերի հետ, այն է շիրակցիներն ու արարատյան դաշտավայրի ժողովուրդը թուրք են, սակայն այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում, դերասանուհին որակեց բացահայտ քաղաքական հետապնդում:
«Ես որքան էլ Արմենի ասածների հետ համամիտ չլինեմ, ինքս Շիրակի մարզից եմ և ինձ թուրք չեմ համարում: Արմենն իրավունք չուներ ողջ տարածաշրջանի ժողովրդին անվաներ թուրք, բայց փաստ է, որ այս իշխանություններն ունեն վախեր և այսպես փորձում են կոտրել «Դիմադրության» շարժման ողնաշարը:
Արմեն Գրիգորյանի կալանավորումը նաև փաստեց, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ: Իշխանության սպասարկուները Գնել Սարգսյանն ու այն աշտարակցի տղան, որի անունն անգամ չեմ ցանկանում տալ, ամեն օր ատելություն են տարածում` ուղղված արցախցիներին, նրանց անվանում թուրք, ընդդիմության կողքին կանգնած մարդկանց թուրք ու չգիտես ինչ պիտակավորումներ տալիս և մնում են անպատիժ:
Ի՞նչ է սա, սա արդարադատության երկակի ստանդարտ է, եթե մեր արդարադատությունն այդքան արդարադատ է, նույն հոդվածով պետք է կալանավորվի նաև Գնել Սարգսյանը»: