Մենք թափթփված և չմտածող ժողովուրդ ենք․ Մենք ինքներս հարձակվում ենք մեր եկեղեցու վրա, թուրքի պես․ Մարգարիտա Եսայան
Մենք թափթփված և չմտածող ժողովուրդ ենք․ Մենք ինքներս հարձակվում ենք մեր եկեղեցու վրա, թուրքի պես․ Մարգարիտա Եսայան
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրել է՝
«Ապրիլի 24-ից ապրիլի 25
Երեկ էմոցիոնալ օր էր, ապրիլ 24-ը միշտ է էմոցիոնալ։ Մենք էմոցիոնալ ու տաք ժողովուրդ ենք։ Միշտ ենք այդպիսին։ Մեզ միշտ օգտագործել են։ Միշտ են արել։ Երեկ վիրտուալ օր էր։Արդեն երկու տարի միշտ է այդպես։
Երեկ առաջին անգամ մենք վիրտուալ հարգեցինք Ցեղասպանության իրական զոհերի հիշատակը։ Վիրտուալ։ Վիրտուալ հեղափոխվեցինք, իշխանափոխվեցինք, վիրտուալ մնացինք տներում, վիրտուալ սիրահարվեցինք ու բաժանվեցինք։
Վիրտուալ։ Այդպես աշխարհին դուր է գալիս, իսկ մենք ուզո՞ւմ ենք, չէ, դուր գալ աշխարհին, որ հանկարծ մեր մասին վատ բան չասեն , ու այդպես մեզ անկյուն են քշում։
Մենք միշտ էլ վիրտուալ մանիպուլացված ենք եղել։ Ստի եւ կեղծիքի մեջ ձեւավորել ենք ատելություն եւ թույն։ Հավատացել ենք, ատել եւ որոշել՝ փոխել։ Մե՞նք ենք որոշել․․Ամենեւին․․ Մենք միամիտ ժողովուրդ ենք։Մեզ 30 տարի բերում էին այս Բ կետը։ Բերեցին։ Հասել ենք։ Կարող ենք իջնել։
Իջնել մինչեւ ստորին բնազդներ։ Մենք դյուրահավատ ժողովուրդ ենք։ Միշտ եղել այդպիսին։ Նաեւ 105 տարի առաջ, երբ մեզ մորթելու եւ հայրենազրկելու ծրագիրը գրված-պատրաստ իրականացվում էր աշխարհի մեծերի թեթեւ ձեռքով, մենք թուրքի հետ նստած նարդի էինք խաղում, մեր տուն էինք հրավիրում։ Մենք պատմությունից դասեր չքաղող ժողովուրդ ենք։
Հիմա էլ, թուրքը կեղծել է ամբողջ պատմությունը եւ իր երեխային դպրոցներում սովորեցնում է, որ ոչ թե իրենք, այլ մենք՝ հայերս ենք իրենց կոտորել, մենք գնում եւ ապրում ենք Թուրքիայում, Անթալիա ծովափ ենք գնում։ Մենք վատ կրթություն ստացող ժողովուրդ ենք։ Մենք միշտ նույն սխալները կատարող ժողովուրդ ենք։ Մենք մեր սխալների վրա այդպես էլ ոչինչ չսովորող ենք։
Մենք ցուցադրական ժողովուրդ ենք։Երբ մեր տանը օրերով ցամաք հաց չի լինում, մենք լոպազանում ենք ու հարեւանին սեւ խավիար ենք հյուրասիրում, կամ՝ պատուհանից ցույց ենք տալիս մեկ գդալ խավիարը։
Մեր երեխաների ոտքին ոտնաման չկա, բայց մենք «Մերսեդես» ենք քշում։ Մենք մեր երեխաներին չենք դաստիարակում։
Թողնում ենք, բախտի քմահաճույքին։ Ու բախտը տանում է նրանց, քանի որ մեր մի թաշկինակաչափ հողի վրա հայ չպիտի մնա, այս հողը թուրքին եւ պանթուրքիզմին առանց հայերի է պետք։ Մենք դատարկ պահանջներ դնող ժողովուրդ ենք։ Ոչ թուրքի առաջ ենք դնում պահանջներ՝ տարածքային, բարոյական, պատմական պահանջներ, ոչ էլ մենք մեր առաջ ենք դնում այդ պահանջները։
Մենք թափթփված եւ չմտածող ժողովուրդ ենք։ Մենք ինքներս հարձակվում ենք մեր եկեղեցու վրա, թուրքի պես, հա, թուրքի պես։ Հիշեք, մեզ կոտորելուց առաջ թուրքը մեր եկեղեցին ու հոգեւորականներին էր մորթում։ Ու երբ իշխանությունը հեծնում է մեր ուսերին, մենք հլու-հնազանդ ներում ենք։ Ասում ենք, թող հեծնի լավ է, անում, բա որ էն մեկը կամ էս մեկը հեծնում էր, լա՞վ էր։ Մենք երեկվա էն պապին ենք, ում օգտագործում են դաժանաբար, ում հաշվին փիառվում են, երեւի մի երկու կոպեկ գցելով։
Ու հետո՝ իրենց փաբերում կամ հենց կառավարական աշխատասենյակներում ցինիկաբար հռհռում ենք այդ օգտագործված պապի վրա։ Մենք այդ պապն ենք։ Բոլորս։ ԵՎ պետք չէ խորոզանալ, կուրծք ծեծել, նեղանալ։ Պետք է սթափվել։
Երեկվա ապրիլ 24-ի միակ լուսավոր, պայծառ, ճաշակովը լուսային ձեւավորումն էր, ապրեն տղաները, հոյակապ գործ էին արել։
Նաեւ՝ համերգը, ճաշակով էր, բարձր որակի։ Այ, սա է մերը, բայց մենք խրվել ենք հարսանիքի անճաշակ տաշի-տուշի, դըմփ-դըմփ-հու-ի ճիրաններում եւ դուրս չենք գալիս արդեն հարյուր տարի, հազար տարի, արդեն՝ վաղուց․․․
Իսկ թուրքերը մեր կողքին հզորացել են, մեր հողերի վրա հզորացել են եւ իրենց սերունդները արդեն համոզված են, որ ոչ թե իրենց պապերն են մեզ ցեղասպանել, այլ՝ մենք՝ իրենց։
Դե, ահա, վայելենք այս խրախճանքի ողջ պերճանքը․․․
Գնանք Թուրքիա եւ Կոստանդնուպոլսին Ստամբուլ ասենք․․․Գնանք եւ Վանի ափին ոտքներս թրջենք, մի բուռ հող բերենք Մուշից․․Հա, մերը էդ մի բուռ հողն է․․։
Եվ հերիք է լոպազանանք եւ հոխորտանք քեֆի սեղանների շուրջ, դատարկ կենացներ ասենք ու քոչարի պարենք։ Թուրքերը շուտով քոչարին էլ իրենցով կանեն, ինչպես իրենցով են արել մեր ամբողջ պատմությունը, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, մեր ԷՐԳԻՐԸ։
Հիմա՝ Նախիջեւանը։
Մենք ընդամենը կենաց ասող եւ թուրքին հայհոյող ժողովուրդ ենք․․․Մենք մեր պատմությունն ենք տանուլ տալիս․․Չե՞նք ուզում վերջանականապես տանուլ տալ, պիտի պահենք Արցախը․․։
Կպահե՞նք, տղա ենք, չե՞նք պահի․․․առաջ դեպի մի նոր Դեր-Զոր․․
Հ․Գ․ Սա սթափվելու ճիչ է, ոչ մեկդ չորոշեք, թե նեղացաք․․Ես առաջին հերթին ինքս իմ մասին գրեցի»։